Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Մնանք նամակի սպասող

Մնանք նամակի սպասող
01.10.2013 | 11:48

Եվրոպական ակումբային գերտերությունների առաջնությունների այս անգամվա անդրադարձը եկող շաբաթ կայանալիք Չեմպիոնների ու Եվրոպայի լիգայի առաջնությունների խմբային փուլի կնիքն ունի, թեպետ նրանց ակումբների համար սկզբունքորեն առանձնապես ի՞նչ նշանակություն ունի, թե ում վրայով են անցնելու: Այդ անցնելը, հարկավ, չնչին բացառություններով, որովհետև իսկապես բաներ կան, որոնք այնքան էլ միանշանակ չեն:

Բացի մրցակցի անունը հիշեցնելուց, հիմա ում կզարմացնես` ասելով, թե «Բարսելոնը» հերթական խաղում հերթական հաղթանակն է տոնել (2։0 հաշվով հաղթել է «Ալմերիային»), Մեսին իր հերթական գոլն է խփել: Այ, ուրիշ բան, որ ֆուտբոլային հրաշքը վնասվածք է ստացել ու հարկադրված լքել է խաղադաշտը` տխրեցնելով բոլորիս: Սա, որքան էլ տհաճ, այնուամենայնիվ ֆուտբոլային թիվ մեկ նորությունն է, որովհետև այսօր ֆուտբոլն առանց Լեոյի նույնն է, թե ճաշն առանց աղի: Ինչ խոսք` համի զգացում ունեցողի համար:
Այս տխուր լուրից հետո անցնենք մեկ այլ հիշատակման: Մադրիդյան դերբիում «Սանտյագո Բեռնաբեուում» «Աթլետիկոն», ոչ ավել-ոչ պակաս, բռնեց ու հաղթեց «Ռեալին»: Ճիշտ է, նվազագույն հաշվով, բայց մի՞թե այստեղ գոլերի թիվն է կարևորը: Կարծում եմ` շատ ավելի կարևորը իսպանական ֆուտբոլում երրորդ զորեղ ակումբի ի հայտ գալն է (կեցցե՛ Սիմեոնեն), ով կարող է ոտք գցել հանրահայտ երկու գերակումբներին ու հետաքրքրություն մտցնել երկրի առաջնությունում:
Լարվածության առումով կատարյալ իրարանցում է անգլիական պրեմիեր լիգայում: Երկրի գործող չեմպիոնը` «Մանչեստր Յունայթեդը», նախորդ տուրում փոխչեմպիոնին` «Մանչեստր Սիթիին», խայտառակ հաշվով պարտվելուց հետո փոխանակ շտապեր ամոթի խարանը դեմքից ջնջելու, վերցրեց ու ամոթալի մի պարտություն էլ արձանագրեց հօգուտ «Վեստ Բրոմվիչի» (1:2)` «Օլդ Տրաֆորդում» սառը շոգեբաղնիք սարքելով սեփական մարզասերների գլխին: Հարկավ վաղ է հեռուն գնացող ենթադրություններ անելը, բայց ոնց որ թե թոշակի անցած ծերուկ Ֆերգյուսոնն իր հետ տարել է «Յունայթեդի» հաղթելու կամքն ու ոգին, իսկ ակումբի նոր մարզիչը չի կարողանում ներդաշնակվել հեղինակավոր ակումբի համայնապատկերին:
Բայց թե ի՜նչ ենք բռնել «Յունայթեդի» պոչն ու բաց չենք թողնում: Սույն կտրվածքով իբր «Սիթիի» արածն էր արա՞ծ: Ճիշտ է, «Աստոն Վիլայի» հետ պայքարում թիմը երկու անգամ ատամ կրճտացրեց, սակայն վերջնահաշվում հո՞ պարտվեց 2:3 հաշվով, տպավորություն թողնելով, թե իր կյանքի բուն նպատակը «Յունայթեդի» հետ հաշիվ մաքրելն է սոսկ, ու աշխարհում հետաքրքրող այլ բաներ չկան:
Սակայն որքան էլ առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, տուրի գլխավոր հանդիպումը «Տոտենհեմ»-«Չելսի» դիմակայությունն էր` Անդրե Վիլաշ-Բոաշ-Ժոզե Մոուրինյո բախումով: Այս երկու մարզիչների ամբիցիաների մասին նախորդ նյութում մի թեթև անդրադարձ արել ենք, ուստի առանձնապես չծավալվենք, միայն ասենք, որ աշակերտ-վարպետ մրցակցությունն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, թեպետ այդ խաղաղ բաժանման տակ ահռելի կրքեր էին թաքնված:
«Սուոնսի Սիթիի» հետ խաղում Արսեն Վենգերի «Արսենալը» կրկին ապացուցեց, որ մրցաշարային աղյուսակը գլխավորելն ակումբի դուրը շատ է եկել (1:2), իսկ «Սանդերլենդին» արտագնա խաղում 3։2 հաշվով հաղթելուց հետո «Լիվերպուլը» բարձրացավ երկրորդ հորիզոնական: Այստեղ դուբլով աչքի ընկավ ակումբի նոր ձեռքբերումը` ուրուգվայցի Լուիս Սուարեսը, ով որակազրկման պատճառով տասը խաղ հարկադրված բաց էր թողել, իսկ դուք ասում եք, թե խաղային պրակտիկայի բացակայությունն ազդում է ֆուտբոլիստի որակական հատկանիշների վրա: Հիմա տեսա՞ք, որ դա մեծ ֆուտբոլիստներին չվերաբերող բնութագրական է:
Անցնենք Իտալիայի կողմերը: «Ռոման», որն այս անգամ 5:0 հաշվով գետնեց «Բոլոնիային», շարունակում է արժանապատվորեն գլխավորել չեմպիոնական մրցավազքը: Երկուական միավորի հեռավորությամբ նրա պոչին նստած գալիս են «Նապոլին» ու «Յուվենտուսը»: Երկուսն էլ հաղթել են արտագնա խաղում, առաջինը` «Ջենովային» (2։0), երկրորդը` «Թուրինին» (1։0):
Իտալական առաջնությանն այս կարճ անդրադարձը, սակայն, թող տպավորություն չստեղծի, թե այստեղ ամեն ինչ հալած յուղի պես է գնում: Միամիտ չլինեք: Կոշիկանմանի կողմերից դհոլ-զուռնի ձենը հետևանց է գալու, իսկ եթե քեֆ-ուրախության մասնակցելու կամ մի կուշտ փորով հաց ուտելու ցանկություն ունեք, այն լրագրողի պես չվարվեք, ով «եկեղեցին ամենքինն է» ժողովրդական պարզ, միամիտ գիտակցմամբ անհրավեր-անբան, փորձել էր Լֆիկի ճտերի կնունքի հանդիսությանը մասնակից լինել, մի երկու նկար Յութուբ գցել` իբր թե ինքն էլ է հրավիրվածների մեջ եղել: Մի մոռացեք, ժողովուրդ ջան, որ կարգ կա, կանոն կա, վերջապես նոր ձևավորվող ավանդույթ կա` հրավիրյալ ես, եթե աղքատ չես: Այստեղ նույնիսկ մորքուրի տղա կամ քվոր աղջիկ լինելը հարց չի լուծում:
Ֆրանսիայի առաջնությունում «Ռեյմսի» հետ խաղում (1:1) «Մոնակոն», չգիտես ինչ տրամաբանությամբ, փոքր-ինչ դադար վերցրեց, իսկ ահա ՊՍԺ-ն սեփական հարկի տակ վերցրեց հերթական երեք միավորը (2:0) և տասնութ միավորով փողի վերը հիշատակված մյուս քսակի հետ կիսեց առաջին-երկրորդ տեղերը: Արտագնա խաղում նույնպիսի հաշվով «Լորիանի» նկատմամբ տոնած հաղթանակը «Մարսելին» պնդացրեց մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում:
Եթե որևէ մեկը միամտաբար փորձի հավատացնել, թե անցած տուրում բունդեսլիգայի առաջնությունում ինչ-որ արտառոց բաներ են եղել, երեխա չլինեք` չհավատաք: Շատ էլ թե Դորտմունդի «Բորուսիան» հաղթել է «Ֆրայբուրգին» (5:0), «Բավարիան»` «Վոլֆսբուրգին» (1:0): Բա ի՞նչ էիք կարծում` չէին հաղթելո՞ւ, կամ պարտված թիմերի անունների մեջ «բուրգ» բառի առկայությունն է՞ր որոշիչ լինելու: Է, եղա՞վ: Հիմա եգիպտական բուրգերը մի թամամ բան չեն որոշում, ուր մնաց թե… Մի խոսքով, հասկացանք, ջուր չծեծենք:
Իհարկե, ընթերցողը փշաքաղվելու միանգամայն օրինական իրավունք ունի եվրոպական գրանդ առաջնությունների այս փառահեղ փաղանգում ֆուտբոլի Ռուսաստանի առաջնությանն անդրադարձիս համար, բայց ինչքա՞ն երևակայությանս զոռ տամ, որ վերնագրի տակ տողեր լցնեմ` ինչ է թե տակինը վրայինից մի փոքր ավելին լինի: Մեր դրության մեջ էլ մտեք: Մենք էլ ենք մարդ, հո քարից չե՞նք: «Զենիթ»-«Սպարտակ» խաղը մեկնաբանելիս ռուս լրագրողները, որոնց, ի դեպ, հարգում եմ բացառիկ պրոֆեսիոնալիզմի ու հարուստ լեզվապաշարի, թարմ մտածողության համար (բա չէ, մերոնց պես` «այս դիրքից այսինչը չի վրիպում». հա՜, տղա ջան, մեռած պապիդ արև), ջանք չխնայեցինք հանդիպումը եվրոպական որակի ֆուտբոլի տակ սղացնելու համար: Բան չունեմ ասելու, առյուծ չեղած տեղը կատուն էլ է առյուծ, բայց դե: Հանդիպումն ավարտվեց «Զենիթի» հաղթանակով` 4:2 հաշվով: Արասի ու Յուրայի ջանքերով «Սպարտակը» մի պահ հավասարեցրեց հաշիվը, սակայն մրցակիցը կարողացավ երկու անգամ էլ թխկացնել մոսկվացիների դարպասը:
Ինչ խոսք, բուն ասելիքս այնքան էլ սա չէ: Ցավս մեր տղաների համար է: Է, հա՜, ինչքա՞ն խփեն, որ թիմի բաց թողածից ավելի լինի: Էստեղ թույլ տվեք մեր տղաներին տված Օռլովի գնահատականը հիշել` երկու հրաշալի հայ ֆուտբոլիստները գերեցին «Պետրովկան» («Պետրովկան» Սանկտ Պետերբուրգի մարզադաշտի քնքուշ, ժողովրդական անվանումն է):
Բան չունեմ ասելու` Ռուսաստանի առաջնության խաղերից էլի հիշատակումներ կանեի, սակայն դա ֆուտբո՞լ է, որ դրա վրա ծանրանանք: Բայց որ ռուսների արդար զայրույթն էլ չշարժենք «չկա, չկա` մերը ձերի չափ է՞լ չկա» ասելով ու բերաններս ոչ թե կողպելով, այլ «սվարկա» անելով, ուստի տազ անենք ու նյութն արագ վերջակետենք` մյուս անգամ ո՛չ իրենցը հիշելու, ո՛չ էլ ակամա մերը հիշեցնելու ղալաթն անելով:
Ո՛ղջ լերուք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ